փակել փակել

Ազգուրացը

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ով յուր ազգը ուրանա,
Երկու աչքով կուրանա,
Հետնյալ աղքատի նման,
Դռնեիդուռ մուրանա։

Կշտին դիպչի գեղարդը,
Սրտիցը թափի լյարդը,
Դժողքի բռնցկելիք
Լինի ազգուրաց մարդը։

Կեղծ ու պատիր հնչողին,
Կատվի պես մռնչողին,
Աստված աշխարհից ջնջե
Հայ անունը ջնջողին:

Հայը որբ ժողովուրդ է,
Օտարաց մեջ խառնուրդ է,
Ազգուրաց, աստվածուրաց–
Երկուսը մեկ խորհուրդ է:

Երբ որ հայը գումարվի,
Նրան չի հավասարվի.
Հայերեն չըգիտցողը
Կիսատ հայ կըհամարվի։

Ազգուրացը անմիտ է,
Յուր ազգին ծուռ կըդիտե,
Բթամիտ շահասերը
Ազգությունը ի՞նչ գիտե։

Որոնե Հայաստանը,
Հայրենիքիդ նշանը.
Ինչպես հայ ծնար մորից,
Հայ մտիր գերեզմանը։

Ով դու, հայ մարդ, զորացիր,
Լուսնի նման նորացիր,
Ոչ այլազգին անարգե,
Ոչ քու ազգդ ուրացիր։

Ինքնիշխան անձիդ տիրե,
Կյանքդ նրան նվիրե,
Քրիստոսից ավանդած
Հայի կրոնն էլ սիրե։

Աստված տվեց նմանը,
Ամենին յուր արժանը.
Ազգուրացը Վասակն է,
Ազգասերը Վարդանը:

Թե կհիշվի Վասակը,
Բայց վատ է նպատակը.
Պիտի խոսվի միշտ բարի,
Վարդանա հիշատակը։

---------------------------
---------------------------

Ահա երկու ճանապարհ.
Որին կուզես հետևի։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)