Բլբուլների երգն եմ լսում, էն քո ձայնն է, Սայաթ-Նովա,
Գոզալների խալն եմ տեսնում, յարիդ խալն է, Սայաթ-Նովա,
Երբ նստում եմ մեջլիսներում, գինի խմում անմահական,
Ձեռքիս թասը ավանդական քո հին թասն է, Սայաթ-Նովա:
Անմահական երգեր հյուսող քեզ նման հանճար չտեսա,
Յարի հազար նազը տանող քեզ պես սիրահար չտեսա,
Մեջնունն ի՞նչ է, դու ես վառվել, քեզ պես սիրահար չտեսա,
Սիրո երգի արքան ես դու, մեր մուսան ես, Սայաթ-Նովա:
Քո յարը քեզ յարա տվեց, էլի սերդ նրան տվիր,
Սրտից քամած արնով գրած, քո երգերդ նրան տվիր,
Նա քեզ միայն տատասկ տվեց, դու վարդերդ նրան տվիր,
Մեր երգերի քաղցր գինու դալար վազն ես, Սայաթ-Նովա:
Յարից էրված՝ դու էլ սիրո երգիչ դառար, գուսան Աշոտ,
Մեծ աշուղի խաղ ու տաղի շունչըն առար, գուսան Աշոտ,
Սրտիդ պահիր մեծ վարպետի անունն անմար գուսան Աշոտ,
Հայոց երգի ծովը մտած մայր Արազն է Սայաթ-Նովան: