>> Տղա <<
Քեզ տեսնում եմ այսօր մոլոր, հուրաչյա,
Բացվի՛ր, խոսի՛ր, հետս խռով մի մնա,
Թե ուզում ես հուզմունք թողնես իմ սրտին,
Ինձ փայփայիր, ինչպես բլբուլն իր վարդին:
Աղբյուրներից, զով հովերից անդադար,
Երգ եմ հյուսել, նվեր բերել քեզ համար:
Ա՜խ, քո ճամփին ցող դառնամ,
Շող դառնամ, վա՜խ:
>> Աղջիկ <<
Կռունկները թևին տվին, գնացին,
Ուշք ու միտքս քո դառնալուն մնացին,
Յա՛ր, մուրազ ես, քեզ տեսնողին երանի,
Քեզ սիրողի քունը երբեք չի տանի:
Հովերի հետ ձայնդ եմ լսում, անուշ յա՛ր,
Շունչդ առնում, քեզ հետ խոսում, անուշ յա՛ր:
Ա՜խ, քո ճամփին ցող դառնամ,
Շող դառնամ, վա՜խ:
>> Տղա <<
Իմ նազելի, դեմքդ վառ է արևից,
Չեմ կշտացել քո հեզանազ բարևից,
Մեկ համբույրդ հազար վերքի բալասան,
Ով քեզ առնի, նա չի իջնի գերեզման:
Աղբյուրներից, զով հովերից անդադար,
Երգ եմ հյուսել, նվեր բերել քեզ համար:
Ա՜խ, քո ճամփին ցող դառնամ,
Շող դառնամ, վա՜խ:
>> Աղջիկ <<
Գիշեր, ցերեկ աչքս ճամփադ կչափի,
Սիրո կարոտ ծով արցունքներ կթափի,
Հիմա եկար, բացվեց կյանքիս արևը,
Էլ չի պակսի յարի տված բարևը:
Հովերի հետ ձայնդ եմ լսում, անուշ յա՛ր,
Շունչդ առնում, քեզ հետ խոսում, անուշ յա՛ր:
Ա՜խ, քո ճամփին ցող դառնամ,
Շող դառնամ, վա՜խ:
>> Միասին <<
Ով իմ հոգյակ, մատաղ լինեմ քո սիրուն,
Բլբուլի պես քո ասելուն, խոսելուն,
Նվիրեցիր անգին գանձը քո հոգու,
Մի տարվա մեջ հազար գարուն կապրես դու:
Հովերի հետ ձայնդ եմ լսում անուշ յար,
Շունչդ առնում, հետդ խոսում անուշ յար:
Ա՜խ, քո ճամփին ցող դառնամ,
Շող դառնամ, յա՜ր: