Ա՛յ վարդ, լսիր աղաչանքիս,
Թույլ տուր թփից քեզ քաղեմ
Եվ քեզանով սիրած կույսիս
Չքնաղ կուրծքը զարդարեմ։
Մի՛ վախենար, նրա կրծքին
Չես թառամի, քնքուշ վարդ,
Այնտեղ՝ մատաղ կրծքի տակին,
Կյանքի աղբյուր կա առատ...
Ա՛յ վարդ, պատմիր նրան հուշիկ
Իմ հուր տենչանքն ու հույսեր,
Թող բուրմունքով քո անուշիկ
Նրա սրտում զարթնի սեր։
Մի՛ վախենար, նրա կրծքին
Չես թառամի, քնքուշ վարդ,
Այնտեղ՝ մատաղ կրծքի տակին,
Կյանքի աղբյուր կա առատ...