Այնպես քնքուշ, այնպես զվարթ
Ժպտում ես դու, մեր Երևա՛ն,
Երկինքդ պարզ, արևն առատ,
Քո ջուրն անուշ ու գլգլան։
Ուրա՛խ նայիր գալիք օրվան,
Շողա՛, ծաղկի՛ր, իմ Երևա՛ն։
Քանդակազարդ շենքերը քո
Մարդու հոգին են կախարդում,
Լցված է միշտ խինդով, երգով
Քո հարկի տակ ամեն մի տուն։
Ուրա՛խ նայիր գալիք օրվան,
Շողա՛, ծաղկի՛ր, իմ Երևա՛ն։
Ցերեկը դու ծաղկահանդես,
Կամարակապ ու գեղեցիկ,
Գիշերները կարծես լինես
Գարնանային աստղոտ երկինք։
Ուրա՛խ նայիր գալիք օրվան,
Շողա՛, ծաղկի՛ր, իմ Երևա՛ն։
Հազար գույնի զարդեր կապած
Շողում ես դու ձմեռ, ամառ,
Միշտ հյուրասեր ու սրտաբաց
Քո նոր կյանքի լույսերն անմար։
Ուրա՛խ նայիր գալիք օրվան,
Շողա՛, ծաղկի՛ր, իմ Երևա՛ն։
Ով մի անգամ տեսել է քեզ,
Չի մոռանա հար-հավիտյան,
Դարձել ես դու շքեղ պարտեղ,
Ակունքը մեր երջանկության։
Ուրա՛խ նայիր գալիք օրվան,
Շողա՛, ծաղկի՛ր, իմ Երևա՛ն։