Գովելի ծաղիկ ես դու ի մեջ ծաղկանց վարդ թաջիսար,
Սրտիդ սերն աչքովդ ինձ հայտնեցիր, մաթլաբիդ հասար,
Արյուն անելու մի՞տք ունես, հագել ես կարմիր սարասար․
Է՜յ, զալում յար, է՜յ բեմուրվաթ, դու աչացս լույս հավասար։
Թևերըդ՝ թափած մոմեր, բոյդ՝ կանանչ սալվի չինար,
Երեսըդ՝ բոլոր լուսին, աչքերդ՝ վառ կանթեղ ֆանար,
Շրթունքդ՝ սիրո շարբաթ, նռան պտուղ, կարմիր գուլինար․
Է՜յ, զալում յար, է՜յ բեմուրվաթ, քեզ ըռահամն չունիս դինար։
Ծամերըդ՝ կանանչ բախչա, ծաղի՛կ ես վարել ոսկե թելով,
Ես, սեֆիլ բաղպանի նման, խո մեռա քեզ աղաչելով,
Իմ սիրտը արուն արիր, դու՝ կելնես, շուռ գաս ծիծաղելով,
Է՜յ զալում յար, է՜յ բեմուրվաթ, սիրտս դաղելով։
Շուրջ կուգաս վարդի նման դու զարդարած կարմիր ատլասով,
Դու քան ինձ եղեր ես յանուղ՝ էշխի ձեռաց խիստ հավասով,
Քեզ անուշ լինի գինին, որ կու խմես արծաթե թասով.
Է՜յ, զալում յար, է՜յ բեմուրվաթ, մատանիդ՝ ոսկե ալմասով։