փակել փակել

Լուսին

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Հյուսիսից փչեց սառն հով,
Պարզ երկինքը պատեց ամպով,
Սիրտս տխուր, հոգիս խռով...
Դուրս եկ, լուսին ամպի տակից,
Ազատե ինձ այս վիճակից։

Խավար գիշերը ոխերիմ
Փակել է ճանապարհս իմ.
Քեզի տալու գանգատ ունիմ,—
Դուրս եկ, լուսին ամպի տակից,
Ազատե ինձ այս վիճակից։

Երկինքը մութ, սև, միգապատ,
Գլորեց ինձի խորխորատ.
Լույս տուր, չմնամ հուսահատ.
Դուրս եկ, լուսին ամպի տակից,
Ազատե ինձ այս վիճակից։

Գիշերային կառավարիչ,
Գեղանի հարս ես նկարիչ,
Թշվառ մարդկանց մխիթարիչ.
Դուրս եկ, լուսին ամպի տակից,
Ազատե ինձ այս վիճակից։

Քո շավիղդ էլ իմիս նման
Միգով պատած է մշտական,
Ինչևիցե լեր օգնական
Դուրս եկ, լուսին ամպի տակից,
Ազատե ինձ այս վիճակից։

Մաքուր կաթից սպիտակ ես,
Պսպղուն, փայլուն շողակ ես.
Գիշերային աշտանակ ես,
Դուրս եկ, լուսին ամպի տակից,
Ազատե ինձ այս վիճակից։

Հորիզոնում լայնատարած,
Եղել ես խավարահալած,
Դու անհաղթ ես, ես հաղթված,
Դուրս եկ, լուսին, ամպի տակից
Ազատե ինձ այս վիճակից։

1885
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)