Հայաստանը
Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան)); Վաղարշակ Լալայան
Սևեր հագած նստել կուլա,
Տրտում, տխուր Հայաստանը,
Ասացեք ինչո՞ւ պետք կուգա
Հայից թափուր Հայաստանը։
Բնիկ մայր երկիրը հայոց
Ափսոս եղել է դիվանոց,
Դարձել է սիրուհի այլոց,
Սիրուն, մաքուր Հայաստանը։
Նրան մոռացել է աստված,
Վերևից քեզ չի նայում ցած,
Սրտի վրա ունի ցցված
Երկսայրի սուր Հայաստանը։
Նման է ջախջախված նավի,
Ենթարկվել է սաստիկ ցավի,
Փոխվել է կուչուրված հավի,
Ոսկեփետուր Հայաստանը։
Կարմիր բորենին բռնակալ
Ցանկանում ճանապարհ տալ
Որդիքը չես կարող գնալ,
Կանչում է զուր Հայաստանը։
Երկերեսանի Անգլիան
Վարվեց Պիղատոսի նման,
Չլսեց, սպասեց այնքան
Մեկ բարի լուր Հայաստանը։
Ջիվանի, ժայթքում է կրակ,
Երկրից դրախտի տեսակ,
Դարձել է ավար ավերակ
Ծայրե ի ծայր Հայաստանը:
1907
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)
Ամենևին նպատակ չունենալով համեմատվել, իմ կողմից գրեթե կուռքի պես պաշտվող, Ջիվանուն և երկար փնտրտուքներից հետո չգտնելով Ջիվանու կողմից գրված երաժշտությունը, համարձակվել եմ 1988 թ․ ինքս գրել երաժշտության այս բառերի հիման վրա։
Վաղարշակ Լալայան