Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատվելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,
Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
Որպես հաճախորդ, շարվե-շարան կուգան ու կերթան։
Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից
Ինչպես ճանապարհի կարավան կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը՝ ծաղիկ,
Որքան մանիշակ, վարդ, պալասան կուգան ու կերթան։
Ո՛չ ուժեղը թող պարծենա, ո՛չ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։
Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան,
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։