Թուխ-թուխ սևագույն ամպերը քուլա-քուլա եղան,
Մտքիս արևը մթնացրին, առջևը առան,
Փայլուն, գեղեցիկ աստղերը անկյուններ մտան,
Ո՞ւր է լուսինը, չի երևում, չի գա երևան:
Բախտիս հայելի հորիզոնը սև լաթ է հագել,
Սրտիս արևը բռնվել է, լույսը չի ծագել,
Երկինքը հոգուս մութ ու մռայլ թուխպեր է առել,
Գարնան ամիսս խավարել է, փոխվել է աշնան։
Վճիտ, անապակ կարկաչահոս աղբյուրս ընտիր,
Ճերմակ կաթի գույնը փոխվել է, դարձել է կարմիր,
Առվակի փարող նունուֆարը իզուր ու նանիր
Ինչո՞ւ է տխուր, ի՞նչ է եղել, թոշնել է այդքան։
Մեղմիկ զեփյուռի ձայնը անուշ չի գալիս, ինչո՞ւ,
Հյուսիսն է փչում նորա փոխան ահռելի, ազդու,
Կանաչ ու դալար ծառ ու ծաղիկ մրսեցան այգու,
Տերևները շուտ վաղաթառամ գետինը ընկան։
Հավքերը լռեցին բոլորը, չեն խոսում այսօր,
Առվակները, աղբյուրները պարզ չեն խոսում այսօր,
Ոչ ոք Ջիվանուն չի ցավում, չի ափսոսում այսօր,
Գոնե դու արի մխիթարն, սիրելի դեղձան։
1902
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)