փակել փակել

Թամադա

Խոսք: Թիֆիլի (Եղո Մանուկյան)
Երաժշտություն: Թիֆիլի (Եղո Մանուկյան)
Անուշ կերուխումը, ուրախ հանդեսը
Ծաղկեցնող, զարդարող զարդն ես, թամադա՛
Գինու գավը ձեռքիդ, գործիդ հաստատուն,
Դու ընդունակ, ընտիր մարդ ես, թամադա։

Կենացներ ես ասում խրատող խոսքով,
Ազնիվ միտքը, բնավ, չեն չափի ոսկով,
Թե Երևան գնանք, Թիֆլիս, թե Մոսկով,
Խնջույքն անիմաստ է առանց թամադա։

Թեկուզ որքան մարդ էլ նստի սեղանին.
Աղբյուրի պես հոսի հին կարմիր գինին,
Հարբեն, իրար կանցնեն տղամարդ ու կին,
Թե չլինես դու, բարիմաստ թամադա։

Դու աշուղի հոգու հալալ ընկերն ես,
Սեղանին բոլորածներից բոլորից վերն ես,
Քո կարգ ու կանոնով հանդեսի տերն ես,
Երգասեր, բանիմաց, ազնիվ թամադա։

Քեզ ընտրել են խելքիդ ու վարքիդ համար,
Քեֆեր ես անցկացրել անթիվ, անհամար,
Դու միշտ մեծ ախպեր ես Թիֆիլուս համար,
Թասդ անուշ արա, անուշ թամադա։
Աղբյուրներ: Ջավախքի երգարան (http://javakhkmusic.com/ )