Քաղցր քնով ննջում էի օրորոցում միամիտ,
Ոչ մի բանից տեղյակ չէի, գառնուկ էի ճշմարիտ.
Իմ պահանջս հորս ու մորս լալով իմաց կանեի,
Դեռ իմ լեզուս չէր բաց արել աղբյուրակը պարզ, վճիտ:
Անմեղ հրեշտակի նման աշխարհից լուր չունեի,
Անվախ, ուժեղ իշխան էի, ձեռքումս սուր չունեի,
Իմ սնունդս մորս կաթն էր, ջոկ կերակուր չունեի,
Նոր էին սկսել դուրս գալ ատամներս մարգարիտ:
Ախ, փոփոխվեց իմ վիճակս, օրերս անցան, մեծացա,
Դրախտ երկնքից զրկվելով, դժոխք աշխարհը մտա,
Թունավոր օձի, վիշապի, դևերու ընկեր եղա,
Հոգս ու ցավը, լացը, կոծը ստացա պարգև - օժիտ։
Ազգ, հայրենիք չգիտեի մանկությանս ժամանակ,
Երբ մեծացա ճանաչեցի, եղավ սրտիս վառ կրակ,
Այդ կրակով այրվում եմ, տանջվում եմ շարունակ,
Երբ տեսնում եմ իմ եղբայրս տխուր տրտում, անժպիտ։
Ով Ջիվանի, պապիդ տունը ճամփի բերան է եղել,
Յուր հարազատ զավակներու համար զնդան է եղել,
Անհաշտ, տգետ ժողովրդի բնակարան է եղել,
Ուրիշ կերպարանք է առել մեծ աշխարհը հայախիտ։
1904
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)