Կես-գիշերին ես ու յարս միասին
Նստած էինք, ու մեզ կիշխեր պարզ լուսին,
Խոսում էինք մեր լավ ու վատ օրերից
Եվ մերթ առ մերթ համբույր քաղում իրարից։
Բայց թե ինչու սիրտս էր տխուր այդ գիշեր,
Մղկտում էր ու հիշում էր վառ հուշեր,
Լաց էր լինում, արցունք թափում դառնագին,
ճմլվում ու անհանգիստ էր իմ հոգին։
Հանկարծ յարս արտասվաթոր աչքերով
Ինձ պինդ գրկեց, օծեց դեմքս համբույրով,
Եվ շշնջաց. «Այսուհետ ինձ մի՛ հիշի,
Քեզնից խլում, ինձ տալիս են ուրիշի»։
Ես դողացի ողջ մարմնովս ոնց տերև,
Եվ աչքերս բարձրացնելով դեպ վերև,
Ասի. «Գնա, ուր որ կուզես, ում կառնես,
Քո կյանքի մեջ դու լավ օրեր չտեսնես»։
Անիծեցի նրան դառն վշտացած,
Որ չեմ տեսնի լավ օրերս անցուցած,
Օդն ու ջուրը թող թույն դառնա, ճամփադ՝ փուշ,
Երկինք, գետին անեծք թափեն, կանչեն «վո՛ւշ»․․․