Ազատությո՞ւն, թե՞ բռնություն գալիք կա մարդկային ազգին:
Բոլորը վազում են առաջ, մտածել չեն ցավը վերջին.
Մի նոր հոգի են ստացել թե՛ այր, թե՛ երեխա, թե՛ կին,
Նորերը հներու պես չեն, ուրիշ կերպ են բոլորովին,
Հղի է, ծնելու մոտ է, գոռում է սարը ահագին,
Տա աստված, որ ծնի առյուծ և ոչ փոքրիկ մի մուկ չնչին։
Սիրո խաղաղության համար կապած աղեղնակը տեսնենք,
Նոյին կանաչ տերև բերող թողած աղավնյակը տեսնենք,
Կասեն փոխվել է ընթացքը, բարի արեգակը տեսնենք,
Կտրտմե՞նք, թե՞ կուրախանանք, կուգա ժամանակը տեսնենք,
Հղի է, ծնելու մոտ է, գոռում է սարը ահագին,
Տա աստված, որ ծնի առյուծ և ոչ փոքրիկ մի մուկ չնչին։
Ինչպես գեղջուկը հուսով գնում է սրբերուն խնդրում,
Ցավին, վերքին բժշկություն, դեղ ու դարման աղերսում,
Նմանապես ժողովուրդը հորից մի բարիք է հայցում,
Կուգա առիթը, կտեսնենք վերե՞լք է, թե՞ դեպի անկում,
Հղի է, ծնելու մոտ է, գոռում է սարը ահագին,
Տա աստված, որ ծնի առյուծ և ոչ փոքրիկ մի մուկ չնչին։
Հիասթափում էլ լինի, չտրտմենք մենք, բայց խրատվենք,
Միայն այնուհետև գործենք լռիկ, մնջիկ չը գանգատվենք,
Ապագա սերունդի մոտը կարելի է գնահատվենք,
Հուսանք և սպասենք դարձյալ, Ջիվանի, չհուսահատվենք,
Հղի է, ծնելու մոտ է, գոռում է սարը ահագին,
Տա աստված, որ ծնի առյուծ և ոչ փոքրիկ մի մուկ չնչին։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)