Այնքան երկար քեզ փնտրելուց հանդիպեցի էն գարնան,
Օտար աչքով ինձ նայեցիր ու վանեցիր էն գարնան,
Սիրուցդ սար ու ծով անցա, փոթորկի միջով անցա,
Բայց դու՛, անգութ, սիրող սիրտս մորմոքեցիր էն գարնան:
Կենաց թասը սիրով լեցուն
Միշտ էլ լցված կմնա,
Սիրո ջահը իմ ձեռքումն է,
Միշտ էլ վառված կմնա:
Սերը սուրբ է, առանց սիրո
Գգվող սրտեր չեն լինի,
Սերը կյանք է, առանց սիրո
Երգ ու երգել չե՛ն լինի:
Ա՜խ, ինձ կապել, խճճել են էդ քո սիրուն վարսերը,
Սիրտս այրել, հրդեհել են հուր աչքերիդ կայծերը,
Հույսով էի, լույսով էի, որ կգտնեմ իմ սերը,
Բայց դու, անգութ, հույսիս նավը խորտակեցիր էն գարնան:
Մտամոլոր դուրս եկա, որ սերս պատմեմ աշխարհին,
Ում հարցրի՝ մի ախ քաշեց, վիշտս տվի սարերին,
Քո Աշոտն իր սիրտը թողեց ձեր տան շքեղ կամարին,
Բայց իմ սիրուս վեհ տաճարը ավերեցիր էն գարնան:
Կենաց թասը սիրով լեցուն
Միշտ էլ լցված կմնա,
Սիրո ջահը իմ ձեռքումն է,
Միշտ էլ վառված կմնա:
Սերը սուրբ է, առանց սիրո
Գգվող սրտեր չեն լինի,
Սերը կյանք է, առանց սիրո
Երգ ու երգել չե՛ն լինի: