Բացվիր, առավոտ, գիշերը հերիք մնա երկար,
Թող գա թագուհի արեգակը անձկալի, արդար։
Թող զարթնի քնից, բան իմանա արարոց աշխարհ,
Հրճվի, գեղեցիկ կյանք վայելե մարդկության համար,
Ինչո՞ւ մեկը փարթամ լինի, մի ուրիշը անճար,
Կամ ուժեղը գայլ, տկարը ընդե՞ր լինի ոչխար։
Բարի առավոտ, արդարության բաց արա դռնակ,
Նոր կյանք ու հոգի պարգևե մեզ մաքուր ու իստակ,
Անգութ խավարը լույս չէ սիրում, կանգնում է ներհակ,
Նետիր նրա կույր աչքերու մեջ սուր նետ ու նիզակ,
Սփռե լուսո սուրբ շառավիղ պայծառ ու ճերմակ,
Թող փայլե հատուկ ցանկալի իմաստունը ճարտար։
Արի, գեղեցիկ պանծալի, նոր արփենի աստղիկ,
Հնչե դու զեփյուռ, առավոտյան կենսատու հողմիկ,
Կանչե աքաղաղ ավետաբեր, սիրելի հովիկ,
Թափ տուր թևերդ, ձայնդ հանե, զարթեցու մարդիկ,
Տաղտկալի ճապաղ գիշերը մեզ հանել է երդիկ,
Բացվիր, հուսահատ աղոթարան, հավատո ասպար։
Լույս տուր, առավոտ, բավական է ուշացար այդքան,
Շատերը, ուղին կորցնելով, փոսերը ընկան,
Մութ տեղը մոլորված մնացած խղճալի շա՛տ կան,
Խավարը նրանց հյուծել է, արել կիսակենդան,
Էլ մեզ չմնաց համբերելու ուժ, չափ ու սահման,
Շուտով ժամանակ է, արփիական քաջարի ճամբար:
Լսիր Ջիվանուն, տեր կենարար, ափսոսա, խղճա,
Թող լինի բարի՛ մարդկությունը, ստանա ընծա,
Ցույց տուր լուսեղեն գեղատեսիլ պսակը դափնյա,
Երբ որ արևը ուշանում է, գիշերը դեռ կա,
Վառվիք գոնե դուք, լուսատու լապտեր, շահ ու ղամբար:
1904
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)