Աղքատ հողագործ, մի՛ վհատիր, կալոցը մոտ է,
Արտերը հասել են, սիրելիս, քաղոցը մոտ է.
Հունձը առատ է, բանվոր ու մըշակ է պահանջում,
Սիրիր քու գերանդին, մանգաղը, խարտոցը մոտ է:
Արդար հողագործ, կանչում է քեզ սուրբ դատավորը,
Դրախտի դուռը բացվել է, տես, վարդոցը մոտ է,
Հանգիստ, ապահով կարող ես հասնել նպատակիդ,
Հղկած խճուղին, մարմարաշեն փողոցը մոտ է:
Գեղջուկ տառապյալ, վարձ պիտի տան, շուտ հասիր այնտեղ,
Սրբոց կայանը, մարտիրոսաց ամրոցը մոտ է,
Փրկիր Ջիվանուն, տար քու հետդ արգո նահատակ,
Անփուշ, հոտավետ, հրաշագեղ ծաղկոցը մոտ է:
1899
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)