փակել փակել

Կռունկ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Կռունկ, թե դու գնաս դեպ մեր երկիրը,
Աստված սիրես, իմ ծնողաց բարև, տար.
Պաշտելի են նրա հողն ու մոխիրը,
Նվիրական սուրբ հայրենյաց բարև տար։

Իմ հայրենյաց օդն ու ջուրը քաղցր են շատ,
Բարելից երկիր է, բերքերով առատ.
Շեն աշխարհ էր, այժմ դարձած անապատ,
Այն ողբալի ավերակաց բարև տար։

Պանդուխտ մարդը հանգիստ չունի մի վայրկյան,
Համարյա թե ոչ մեռած է, ոչ կենդան,
Կռունկ, երբ որ կերթաս դեպի Հայաստան,
Մի քանի օր դու այնտեղ կաց, բարև տար։

Ման արի չորս կողմը մեր ծովակներու,
Պատկերը տես հայոց ավերակներու,
Բոլոր թե հին, թե նոր նահատակներու,
Լուսահոգիներու շիրմաց բարև տար։

1900
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)