Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Մոմ մը լույսով՝ խավարին մեջ համատարած
Կը հալածես դուն տեսիլքներ արևավառ,
Կը խարխափես և խավարին չես հավատար …
Արցունքներուդ միգամածին խորեն տմույն
Գիտես նայիլ արշալույսի ճաճանչներուն.
Սուգի քողին տակ հուսալից դուն սիրահար՝
Կը տառապիս և վշտերուդ չես հավատար։
Վզիդ շղթա և թևերուդ ծանր կապանք՝
Դուն կը փորձես արծիվներու վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտին մեջ բազմակամար
Կը խեղդվիս, շղթաներուդ չես հավատար։
Փուշ ու տատասկ քեզ կʼարյունեն ճամբուդ վրա,
Բայց խոցոտված քու մատներով արյունլվա
Դուն կ’որոնես ծաղիկներու հոգին պայծառ,
Ցավեդ կ’ոռնաս և ցավերուտ չես հավատար։
Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Քու ձեռքերով հողին կուտաս կյանքեր ծաղկած,
Կʼըզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կʼիյնաս անշունչ, սակայն մահվան չես հավատար …