Կյանքս քեզ եմ տվել, կապվել եմ քեզ հետ,
Ապերջանիկ պառավ, քեզ եմ սիրում, քեզ,
Իմ արած խոստումս ես չեմ առնիլ ետ,
Հեք, աղքատիկ պառավ, քեզ եմ սիրում, քեզ։
Սիրել եմ հոգուս չափ, չեմ ապաշավում,
Քեզ համար եմ հոգում, քեզ համար ցավում,
Ոչ մի ազգի աղջիկ ինձ չի գրավում,
Վեհ, գեղեցիկ պառավ, քեզ եմ սիրում, քեզ։
Խելքով, պատվով շատ շատերուց խոշոր ես,
Ցավ ու վիշտ տանելու վաղուց սովոր ես,
Թեև հին ես, բայց ինձ համար շատ նոր ես,
Քաջատոհմիկ պառավ, քեզ եմ սիրում, քեզ:
Դու Ջիվանու նախնիքներու ննջարան,
Համայն հայոց ծննդավայր սրբազան,
Ով անձկալի դու զառամյալ Հայաստան,
Հին անդրանիկ պառավ, քեզ եմ սիրում, քեզ։
1904
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)