Ա՜խ, մի անգամ էլ զիջեիր, սիրուհիս, քեզ բան ասեի,
Նորից աչք - ունքդ գովեի, սիրուն, աննման ասեի,
Ծաղկադալար սարի նման ծոցիդ բուրաստան ասեի,
Բլբուլին կարոտով տանջող վարդով վարդարան ասեի։
Երանի՜ քեզ չճանաչող անծանոթ, օտար լինեի,
Կամ լավ ու վատից անտեղյակ, սիրուց բեխաբար լինեի,
Կամ թե մարմար կրծքիդ վրա մի ոսկեքաշ լար լինեի,
Մատաղ սրտիս քնքուշ զարկով հնչեի, ջան - ջան ասեի։
Մի անգամ ասի՝ ի՞նչ ասեմ, ասիր, տեսքիս արև ասա,
Կարմիր խնձոր անվանեցի, ասիր՝ վարդի տերև ասա,
Բոցավառ կանթեղ աչերիդ դու խնդրեցիր, թե սև ասա,
Երանի մեկ էլ երգեի, նախշուն ծիածան ասեի։
Դու Հավասուդ ելած սիրտը զովացնեիր հովի նման,
Սրբեիր արցունքն աչքերիս, չթողնեիր ծովի նման,
Ախ ու վախով չմեռնեի անբախտ Սայաթ - Նովի նման,
Սիրուն ձեռդ կրծքիս վրա, հիմա տուր վախճան, ասեի։