Իջել էիր դու Իշխանասարից,
Իշխանասարի բարձր կատարից,
Ձայնդ լսեցի մեր Ըղձաքարից:
Ես քեզ երգեցի իմ քնքուշ լարով,
Եղնիկի նման եկար խնդալով:
Սառը ջրերի հետ ժպտալով եկար,
Թշերիդ ալով ու խալով եկար,
Ծաղկանց բույր տալով, գույն տալով եկար:
Ես քեզ երգեցի իմ քնքուշ լարով,
Եղնիկի նման եկար խնդալով:
Սազիս սադաֆին պատկերդ շողաց,
Սիրտս քո սիրով խնդաց ու դողաց,
Քո շողքդ ծաղկանց ծովի մեջ լողաց,
Ես քեզ երգեցի իմ քնքուշ լարով,
Եղնիկի նման եկար խնդալով:
Ու այն օրվանից ես գուսան դարձա,
Հազար մի փշոտ ճանապարհ անցա,
Որբացած կյանքիս վիշտը մոռացա,
Ես քեզ երգեցի իմ քնքուշ լարով,
Եղնիկի նման եկար խնդալով:
Խոսքեր եմ հանում սրտիս անհունից,
Տաղերըս հյուսում կյանքիս գարունից,
Աշոտը գոհ է յարի անունից:
Ես քեզ երգեցի իմ քնքուշ լարով,
Եղնիկի նման եկար խնդալով: