— Որսկան ախպեր, սարեն կուգաս,
Սարի մարալ կփնտրես,
Ասա, յարաբ դուն չտեսա՞ր
Իմ մարալս, իմ բալես։
Դարդի ձեռքին սարերն ընկավ,
Իմ արևս, իմ բալես,
Գլուխն առավ, քարերն ընկավ
Իմ ծաղիկս, իմ լալես...
— Տեսա, քուրիկ, նխշուն բալեդ
Կարմիր-կանաչ է կապեր,
Սիրած յարի համբուրի տեղ
Սրտին վարդեր են ծլեր։
— Որսկան ախպեր, ասա, յարաբ
Ո՞վ է հարսը իմ բալիս,
Ո՞վ է գրկում չոր գլուխը
Իմ մարալիս, իմ լալիս։
— Տեսա, քուրիկ, դարդոտ բալեդ
Քարն է դրեր բարձի տեղ,
Անուշ քնով տաք գնդակն է
Կրծքում գրկեր յարի տեղ։
Սարի մարմանդ հովն է շոյում
Ճակտի փունջը մարալիդ,
Ծաղիկներն են վրան սգում,
Ազիդ բալիդ, խեղճ լալիդ...