փակել փակել

Վարդաղբյուր

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Իմ Վարդանա վարդ աղբյուր, զովություն ես սրտերի,
Բույրն եմ առնում մինչ հիմա ափիդ մախմուր խոտերի,
Ղողանջում ես ու կանչում վանքի զանգերի նման,
Ու դառնում սուրբ հանգրվան իմ մոլորված հույզերի:

	Էլի խնջույք բաց անեմ,
	Ափդ գինով թաց անեմ,
	Իմ կորցրած սիրուհուս
	Ոտնատեղը վարդ ցանեմ:

Ի՛մ Վարդանա վարդ աղբյուր, արծաթ ցոլքեր կցայտես,
Անմահական վարդ ջրով քո ափերը կնախշես,
Հազար ու մի աղբյուրից ջուր եմ առել պապակած,
Պապակ սրտով եմ գալիս, գալիս եմ ինձ զով անես:
	Սիրուս ձայնն է քո կանչը,
	Ծիծաղն է քո կարկաչը,
	Իր լուսնկա պատկերն է
	Ծիածանել քո լանջը:

Ի՛մ Վարդանա վարդ աղբյուր, ինչքան ակդ զուլալ է,
Կանաչ ժայռից վար կիջնես, շրջապատդ զուլալ է,
Կուզենամ սերն աշխարհի քո պես զուլալ միշտ մնա,
Հայ գուսանիս սուրբ սերը, ինչպես ակդ, զուլալ է:
	Սեր գաղտնիք են ափերդ,
	Գոհար ակն են ցոլքերդ,
	Սրտիս սիրավ կարկաչիր,
	Զմրուխտ կապած լանջերդ: