Անուշ մի առավոտ, դեռ վարդը քնած,
Սոխակն էր դայլայլում վարդով հմայված,
Ես մեր ծաղկադաշտից սիրո փունջ կապած,
Յարիս դուռն ինձ տարան, սիրտս մոլորված։
Արթնացել էր խոր քնից, դռներն է բացել,
Յարս ինձ է սպասել, աչքերն էլ թաց է ։
Մատին օսկե օղ արել
Սրտին դող առել,
Գլխին քող էր կապել,
Ինչ հարս էր դառել։
Հանկարծ զուռնան փչեց, հնչեց սահարին,
Արևն անհոգ ժպտաց սարին ու քարին,
Տղա աղջիկ բռնած մշո քոչարին,
Սուրբ Կարապետ տարան ինձ ու իմ յարին։
Յարս շողշողում էր հեզ, ամռան հովի պես,
Ողջ Մշո դաշտն է ելել, եկել հարսնատես։
Մատին օսկե օղ արել
Սրտին դող առել,
Գլխին քող էր կապել,
Ինչ հարս էր դառել։
Խոնարհ ու լուռ կանգնած դեմը խորանի,
Պսակեց քահանան հագած ծիրանի,
Մաղթեց որ մի բարձի աստված ծեր անի,
Ամենքն էլ մեզ տվին հազար երանի։
Յարս շողշողում էր լուռ, ամռան ցողի պես,
Ողջ Մշո դաշտն է ելել, եկել հարսնատես։
Մատին օսկե օղ արել
Սրտին դող առել,
Գլխին քող էր կապել,
Ինչ հարս էր դառել։