Հայերս մեկ լեզու, մեկ կրոն ունինք,
Ուրիշ ոչինչ մեզի սեփական չկա.
Մենք հայկական հագուստ, հայ տարազ չունինք,
Կորչել է հին ձևը, մեկ նշան չկա:
Պապերս մեկ բանով շատ անգին էին,
Նպատակով տաճարներ կշինեին,
Հին մնացած վանքերը չլինեին,
Օտարք հեշտ կասեին՝ «Հայաստան չկա»։
Մի հատ եկեղեցի ունինք՝ մերն է զուտ,
Պարզ է, չունի այնքան բաներ նորամուտ,
Երգերը գրավիչ, մեղմ, հոգեօգուտ,
Մեր շարականի պես շարական չկա։
Տեր, պահե Արամյան հոգևոր գահը,
Մի մարե հայերուս մի հատիկ ջահը,
Նրա հետ կապված է մեր ազգի շահը,
Բացի սուրբ աթոռը մեզ պաշտպան չկա:
Ջիվանի, մեկ-մեկու կյանք նվիրելով,
Հայ ապրինք՝ հայության գանձին տիրելով.
Ինչ որ ունինք, պահենք իրար սիրելով,
Դրանից մեզի լավ ուրիշ բան չկա։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)