Վառել է երկինքն իր ջահերը, լույսերը,
Գիշե՜ր հարավի, լուսաշող ծառաստա՜ն․
Այս լուռ գիշերում, ա՜խ, սրտիս մեջ քո սերը,
Նորից ես իջել եմ պարտեզը ձեր տան։
Բացի՛ր այդ ամպի պես թավշյա վարագույրը,
Նայի՜ր դուրս, ինչպես վառ լուսինն է նայում,
Եվ դու կտեսնես, որ սիրո այրող հուրը
Վաղուց է մաշել ինձ, և չես խնայում․․․
Հո՜վ, զով գիշեր,
Քո աստղերը փայլում են ու ինձ հմայում․
Հո՜վ, զով գիշեր,
Սև աչերը անգութ են, ինձ չեն նայում․․․
Ա՜խ, շատ են երկրում մեր սևաչն ու սիրունը,
Բայց քեզ կը երգեմ իմ սիրո տանջանքից․
Դե դուրս եկ, քեզնո՛վ է բացվել իմ գարունը,
Եղիր դու ընկերը գարուն իմ կյանքի։
Հասել են արդեն տես, խաղողն ու կիտրոնը,
Չկա էլ ոչ-ոք դաշտերում մեր, վաղուց․
Եռում է գինին ալ, աշուն է ու տոն է,
Ու ես եմ մենակ, որ մաշվում եմ սիրուց․․․
Հո՜վ, զով գիշեր,
Քո աստղերը փայլում են ու ինձ հմայում․
Հո՜վ, զով գիշեր,
Սև աչերը անգութ են, ինձ չեն նայում․․․