փակել փակել

Այծյամ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Անհոգ  ես, չես  գիտեր՝  ինչ կա քո  մասին,
Պտտվում  են  քո   խեղճ   անձիդ  վնասին,
Գամփռներով, բարակներով միասին.
	Փախի՛ր,  այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
	Ձագուկներդ տխուր լալիս են, լալիս։

Որսկանը  ճրագով քեզի  ման  կուգա,
Կուզե   ձեռքերը  քո  արյունով լվա,
Խղճալի, քո տեղակ սար ու ձոր կուլա.
	Փախի՛ր,  այծյամ,  փախի՛ր,   որսկանն  է  գալիս,
	Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

Որսկանը  գութ  չունի,  կանե  կրակը,
Կամ  քեզի  կսպանե, կամ քո  զավակը,
Զուր չի անցնի հրացանի գնդակը.
	Փախի՛ր,   այծյամ,  փախի՛ր,  որսկանն է գալիս,
	Ձագուկներդ տխուր լալիս են, լալիս։

Դաշտումը չես ման գար, թե մտածես լավ,
Քեզ կվիրավորեն, կստանաս մեծ ցավ,
Դուրս մի՛ ելներ խիտ անտառից դու բնավ.
	Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
	Ձագուկներդ տխուր լալիս են, լալիս։

Զորերը մի՛ մտնիր, վտանգավոր է,
Որսկանը ման կուգա, այնտեղ սովոր է,
Քարայրից խփելով քեզ կըգլորե.
	Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
	Ձագուկներդ տխուր լալիս են, լալիս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)