փակել փակել

Մայրիկ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ջուխտակ շամամներդ դրախտ ծոցիդ մեջ
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելևէջ,
Կրծքիդ վրա մաքուր՝ սուրբ տաճար, մայրիկ։

Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել.
Մինչև մեծանալս ինչե՜ր ես քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ։

Փոխարենը ես քեզ ոչինչ չեմ արել,
Մոտդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
Քո սուրբ պատվերներդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերդ անկատար, մայրիկ։

Ջիվանին եմ, սխալմունքս զգում եմ,
Ես քո հոգուտ համար միշտ աղոթում եմ,
Ներիր քո մեղավոր որդուդ, խնդրում եմ,
Եղիր երկնքումը ինձ սատար, մայրիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)