Կավկազ սարի գլխին նստած մի ագռավ,
Քաջ բազեին տանկ ու տնազ է անում.
Գտնելով մի պինդ ու ամուր քարանձավ,
Դեսից-դենից հավի ձագեր է որսում։
Անմաքուր փետուրը շինելով ղալամ,
Ճառեր ու հոդվածներ գրում է անհամ.
Բազեն շատ է տեսել ագռավի երամ,
Եկել, անց են կացել գունդագունդ բազում։
Երաժշտապետի հանդերձ է հագել,
Ուզում է սոխակից յուր տեղը խլել,
Խռպոտ ձայնով մարդկանց վրա չի ազդել,
Նրանք գիտեն երգի պատիվն ումն է, ում։
Նա կուզե որ մտնի այգի բուրաստան,
Քաղել վարդ, մանիշակ, մեխակ, բալասան.
Բայց պարտեզը ունի մի քաջ պահապան՝
Հրացանը ուսին միշտ արթուն հսկում։
Վայրենի սարյակն էլ յուր թառի վրա
Նվագելով՝ ագռավին անեծք կըկարդա.
Երբեմն էլ բազեին բռունցք ցույց կուտա,
Սագերին էլ նրա դեմն է գրգռում։
Բազեն չըփոխելով բնական բարքը,
Կարհամարհե վախկոտներու արարքը.
Գիտե, որ ապուշներ ունի աշխարհը,
Ճանճերը ուղտերուն գրող են չափում։
Ջիվանի, վայրախոս մարդիկ բազմացան,
Իզուր հարվածում են սրան ու նրան.
Սրատես արծիվը գիտե ամեն բան.
Ագռավի, ղռռոցով գործը լի փոխվում:
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)