Մեկ կողմս սաստիկ ցուրտ, մեկ կողմս կրակ,
Մեկ կողմս պատել է ծովը ահագին,
Այդ երեքն էլ մեկը մեկին հակառակ,
Ամենքն էլ առնում են ինձանից բաժին։
Չունիմ զրահավոր բանուկ շոգենավ,
Ծովի վերա ման գամ անհոգ, առանց ցավ,
Աննավ ծովը մտնեմ, կըխեղդվեմ իրավ,
Կուլ կուտա դելփինը ինձ բոլորովին։
Դեպի ցուրտը գնամ, կսառչեմ հաստատ,
Անգութ, անզգա է բնությունը վատ,
Հագիս մուշտակ չունիմ, մերկ եմ և աղքատ,
Ձմեռ է, պաղ քամին փչում է ուժգին։
Քաջ մարդը կրակից երբեք չի տալ խույս,
Թե վառվեց՝ կծըլի որպես անմեռ բույս,
Երեք մանկանց նման պետք է հավատ, հույս,
Որ չայրվի հրո մեջ ամենևին:
Մտածում եմ՝ ոչ մեկի մոտ չգնամ,
Թե հարուստ, թե աղղքատ իմ տեղս մնամ։
Ամենքին էլ պատվեմ, բարիք ստանամ,
Երեքիցն էլ հարգ վայելեմ առանձին։
1894
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)