փակել փակել

Թափառական

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Աղեղնաձև էդ ունքերդ, ա՜խ ինձ դարձրին թափառական,
Մոտ չթողնող նազանքներդ, ա՜խ ինձ դարձրին թափառական,
Անհուն սիրո ժամանակը վայրկյան թվաց, նազելի յա՛ր,
Քեզ հետ տանող խոստումները, ա՜խ ինձ դարձրին թափառական:
Օտար տեղեր թափառելդ, ա՜խ ինձ դարձրին թափառական,
Էն հուսախաբ անուրջներդ, ա՜խ ինձ դարձրին թափառական:

Ինչ աղբյուրից ջուր եմ խմում, նա խոսում է իմ սիրուցը,
Ինչ ծաղկի, որ աչք եմ գցում, նա շիկնում է իմ սիրուցը,
Ինչ եղնիկի, որ նայում եմ, հմայվում է իմ սիրուցը,
Էն քո անգութ մերժումներդ, ա՜խ ինձ դարձրին թափառական:

Այգուս վրա մի հավք տեսա, կարծեցի թե դու ես անցնում,
Կայծակ խփեց դալար այգուս, կարծեցի թե դու ես շանթում,
Ու էդ պահին ինձ թվաց թե ես մոխրացա, դու ես վառվում,
Քո անմոռաց համբույրները, ա՜խ ինձ դարձին թափառական:

Աշոտն ասաց` բյուր երանի, ով տեսնի քեզ մեր սարերում,
Բախտ ունենա, հետդ խոսի, դու հեզ լինես մեր սարերում,
Ինչե՜ր անցան էն օրվանից, երբ տեսան քեզ մեր սարերում,
Երևալդ ու գնալդ, ա՜խ, ինձ դարձին թափառական:
Օտար տեղեր թափառելդ, ա՜խ ինձ դարձրին թափառական,
Էն հուսախաբ անուրջներդ, ա՜խ ինձ դարձրին թափառական: