Հովերն առան սար ու դարեր,
Ամպերն ելան, մութն ընկավ։
— Անգի՛ն մերիկ, հերի՛ք հուսաս.
Քո շողշողուն աստղն ընկավ։
Լաց, մերիկ ջան, որ էլ չեմ գա,
Վերքը սրտիս՝ տուն չեմ գա։
Կաթիլ-կաթիլ ամպն է ցողում
Սև ու պղտոր երկնքեն,
Մաղիկ-մաղիկ վերքս է ծորում
Իմ անգյուման, սև սրտեն։
Լաց, մերիկ ջան, որ էլ չեմ գա,
Վերքս խորն է, ճար չկա...
Անգութ կյանքում վերք ստացա
Սրտանց սիրած ընկերես,
Անխիղճ կյանքում վերք ստացա
Անուշ սիրած քուրիկես։
Լա՛ց, մերիկ ջան, որ էլ չեմ գա,
Ազիզ բալեդ էլ չկա...