Բնավ ուրիշին վնաս չեմ կամենալ,
Ես իմ իրավունքս կուզեմ պաշտպանել.
Իմ բերանիս հացը ոչ ոքի չեմ տալ,
Ապրելու սնունդս կուզեմ պաշտպանել։
Թող լսե աշխարհը գոռուն-գոչյունս,
Պատվի համար թող թափվի իմ արյունս,
Իմ լեզուս, կրոնս, իմ ազգությունս,
Իմ սրբություններս կուզեմ պաշտպանել։
Ես հայի որդի եմ և հայ եմ ծնվել,
Ուզում եմ հայ ապրիլ, հայի պես մեռնել,
Մտքես չի անցնի ուրիշից բան խլել,
Ես իմ ունեցածս կուզեմ պաշտպանել։
Ես՝ Ջիվանս, խուսափում եմ զրկողից,
Հափշտակող, ունեցածս խլողից,
Հավակեր ուրուրից, գայլից ու գողից
Գառներս, ճուտերս կուզեմ պաշտպանել։
1904
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)