փակել փակել

Ձայն մը հնչեց

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներէն
Թունդ թունդ ելան հայոց սրտեր զէնքի շաչիւնէն
Հայ գիւղացին դարուց ի վեր սուր, զէնք չէր տեսած,
Դաշտը թողուց, սուր հրացան՝ բահի տեղ առած։

Հայ ծերուկը ցուպն ի ձեռին լալով խնդրում է
Հայրենիքի ազատութիւն տեսնել ու մեռնիլ
Հայ տիկինը ստիպում է ամուսնոյն գնալ,
Պատերազմի դաշտին վրայ վէրք տալ ստանալ։

Քնքուշ կեանքը ծանր է թւում Հայ օրիորդին
Զէն ի ձեռին սիրտ է տալիս հայոց քաջերին։
Երիատասարդք զէն ի ձեռին գոռում գոչում են
Պատերազմիլ ազգին համար եւ արիւն թափել։

Հայ քաջերը արիւն գրով նամակ ցրուել են,
Արարատայ դաշտին վրայ զինուոր խմբել են։
Ա՛լ բաւ լացիր, Մայր Հայաստան երկիրդ փառաց
Քու զինուորներդ միշտ կտրիճ են, որչափ ալ քաղցած։

Առ ու գգուէ այդ քաջերը քու սրտիդ վրայ։
Որք կը թափեն իւրեանց արիւն սուրբ հողիդ վրայ։

Անմիութիւն, տունը քանդող Հայոց խեղճ ազգին
Հրաժարեցաւ, տեղի տուաւ միութեան ձայնին․
Լըսեց թուրքը ու սառեցաւ արիւնը խեղճին
Չէր երազել Հային տեսնել նա այդ վիճակին։

Ցնծա՜, մայր մեր, ով Հայաստան, որդիքդ միացան
Տասը տարուան սուգ ու թախիծ մեզնից վերացան
Ուրախացաւ Մայր Հայաստան ելաւ կանգնեցաւ,
Վեց դարերի սուգ, տառապանք մի քիչ մեղմացաւ։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)


Կա նաև երգի բառերի ժամանակակից, այսպես կոչված մշակված տարբերակը։ Սակայն այստեղ շատ տողեր խառնված են իրար, որից տեքսի իմաստը մի տեսակ աղավաղված է, չկա տրամաբանական հաջորդականություն։