փակել փակել

Այգեպան

Խոսք: Շիրին
Երաժշտություն: Շիրին
Այգեպան, ի՞նչ ես անում, շամբը բուրաստան չի լինիլ,
Օձը որքան գեղեցիկն ըլնի՝ սիրական չի լինիլ,
Կատըվին ուտացնես օրը հազար նազ ու նամաթ,
Տիրասեր և բարեսիրտ, հայտ է, իբր շան չի՛ լինիլ։

Ագռավին շուշի միջում պահես շաքար ու նաբաթով,
Վատաբախտ բյուլբյուլի  պես վարդի սիրաբան չի  լինիլ,
Մանկական ուսումն ունի միլիոնի չափ արժողություն,
Ապտակով սնված տղեն առանց աստիճան չի լինիլ։

Ղուռանը ասում է, թե ջաննաթումը շատ հուրի կա,
Ինչ Վրաստանինն է՝ ջաննաթինն էլ էնքան չի լինիլ,
Խաղողի վազովը շատ տեղ պարապած մարդ կա միայն,
Կարծում եմ, թե ոչ մեկը Բերզեն Ալեքսան չի լինիլ։

Նախարարներ  շատ  ունի   օգոստափառ  Կայսըրը,  բայց
Մեկն իր  անձին չխնայող՝ իբր  Արղության չի լինիլ,
Թեև էս դարերիս էլ ազգասեր իշխանք շատ ունինք,
Կարծում եմ, թե ոչ մեկը Սմբատ ու Վարդան չի լինիլ։

Շիրակա չնաշխարհիկ դաշտն է լալիս աղիողորմ,
Ասելով, թե սրբությամբ ո՛չ տեղ Հայաստան չի լինիլ,
Դու, Շիրին, օրը հարյուր քաղցր ու ախորժ բան մտածես,
Քո հայերեն խաղերը՝ Սեյադի նման չի լինիլ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)