Ոտքերուդ տակը ծով, գլխիդ վրա սուր,
Առաջ երթաս կրակ՝ արի դիմացիր.
Ետ դառնաս, սառույց է պողպատից ամուր,
Բուք, քամի շարունակ, արի դիմացիր։
Աջ կողմդ ամեհի առյուծն է պառկած,
Ձախդ՝ վիշապ բերանը մեծ բաց արած.
Սաստիկ կը որոտա երկինքն ամպամած,
Կը տեղա շանթ, կայծակ, արի դիմացիր։
Խեղճ մարդ, եղբայրներդ քեզի ատում են,
Այդ տանջանքը անձիդ արժան դատում են,
Փոխանակ ցավելու, դեռ նախատում են,
Կանեն այպ ու ծանակ, արի դիմացիր։
Մի խումբ լիրբ, անզգամ փարիսեցիներ,
Հավատավորս, մոլորիչ կեղծ րաբբիներ,
Հավատդ ծաղրում են որպես լկտիներ,
Թշվա՛ռ մարդու զավակ, արի դիմացիր։
Մի զորեղ մարդու շուն, ոռնալով վատ-վատ,
Սկսում է հաչել, հարձակվել վրադ,
Ո՛չ կարող ես խփել, ո՛չ անել գանգատ,
Հալածված նահատակ, արի դիմացիր։
Հորեղբորդ որդին նախանձ, ոխակալ,
Ձրիակեր, պարապ սիրում է ման գալ.
Նա էլ է սկսել քեզ թշնամանալ,
Աշխատասեր մշակ, արի դիմացիր։
Գլուխդ քորեցիր, բորոտ կասեն քեզ.
Տանդ հանգիստ նստես անոտ կասեն քեզ,
Թե հանդարտ կմնաս երկչոտ կասեն քեզ,
Թե շարժվես՝ ստահակ, արի դիմացիր։
Խեղճ մարդ, բանդ շատ դժվար է, ճշմարիտ,
Հարուստ դրացիներ ունես, բայց կրկիտ,
Որդիքդ սպանված, թոռներդ վզիդ,
Տուն-տեղդ ավերակ, արի դիմացիր։
Կեղծ բարերարները քեզ հաց չեն տալու,
Նրանք ուղարկված են հավատ որսալու.
Կը ծեծեն, չեն թողնում ցավերդ լալու,
Ողբալու համարձակ, արի դիմացիր։
Խելքդ հափշտակեց զորահանդեսը,
Լավ ջարդվեցիր, քեզ չօգնեց Հերմեսը.
Քեզ այդ օրում գցող խարդախ աղվեսը
Գլխիդ կուտա ապտակ, արի դիմացիր։
Ջիվանի, չի երևում բարի ապագա,
Ցավդ սաստկանում է օր-օրի վրա.
Ձմեռը խիստ դաժան, գարնան հույս չկա,
Արևը ամպի տակ, արի դիմացիր։
1896
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)