Մանկությունն աշխարհում` անուշ երազ, անուշ քուն,
Աստվա՛ծ, էն ինչ քաղցր է,
Կմտնի քուն ժպտալով, քնից կելնի խնդալով,
Մանկան սիրտ է, բացվում է:
Մանկան ուրախ խաղերը, երազ անուշ ձայները,
Ափսոս, որ շուտ անցնում են:
Ճմլվում է իմ սիրտը,
Միշտ թռչում է իմ միտքը,
Լաստ քարափի մով գիրկը.
Քաղցր է, ա՜խ, քաղցր է:
Խաղացել ենք ընկնելով, ջերմ շողերից շիկնելով,
Ծիծեռնակի թևերով,
Մոր բուրմունքով շաղախված, լույս կաթի հետ թաթախված
Նստել հացի ընկերով,
Զանգի ղողանջ լսելիս, խաչ եմ հանել երեսիս,
Լաստի կալից իջնելով:
Լաստ քարափը կանաչ է,
Մախմուր լանջը կկանչե,
Ծիլ ու ծաղիկ ճանաչ է,
Քաղցր է, ա՜խ, քաղցր է:
Քարափներից հարցնեմ, աստղիկներից հարցնեմ,
Թոթովանքս, ա՜խ, ու՞ր են,
Հեքիաթային երազներ, զառ ու զանգակ աղբյուրներ,
Խաղիկներս, ա՜խ, ու՞ր են,
Գուսան Աշոտ, հուշերը, մանկան անցած օրերը,
Մարդու հոգին քամում են:
Սղղացել ենք ընկնելով,
Ջերմ շողերից շիկնելով,
Իրար ուսի թիկնելով,
Քաղցր է, ա՜խ, քաղցր է: