Մայր իմ բարի, դու սուրբ, դու հեզ,
Չունես չարի ոչ մի թել,
Ինձ թվում է` միայն դու ես,
Միայն դու ես մայր ծնվել:
Հազար վիշտ է սիրտդ քամել,
Դու իսկական հայուհի,
Այս անաստված աշխարհում էլ
Դու իմ միակ սրբուհի:
Դու հայ վշտից մեր անտունի
Աստծուց ես խռովել,
Բայց հայ աստվածն ինչ մեղք ունի,
Թուրքն է մահը մեզ տվել...
Դժոխք տեսած քո աչքերով`
Դու եղեռնի հուշարձան,
Քո թոռների թուր հոնքերով`
Դու հայ հույսի ծիածան:
Քո գութն այնպես է վարարել,
Որ դու որպես սուրբ տաճար,
Չնչին մրջնի մոր համար էլ
Աղոթում ես վշտահար:
Աստվածաքույր մայր իմ, դու հեզ,
Չունես չարի ոչ մի թել,
Ինձ թվում է` միայն դու ես,
Միայն դու ես մայր ծնվել:
Միայն դու ես, մեկ էլ աստված,
Որ ծնել է մայրիկիս,
Զույգ աստծուց խիղճս ծնված`
Սուրբ է պահում դեռ ոգիս: