Զարթնում է Երևանը
Գարնան անուշ շնչով,
Զարթնում է և իմ սիրտը
Սիրո հուշի կանչով։
Մեր պարտեզի վարդն առաջին
Ահա, քաղել, բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա, ինչպե՞ս
Վարդը քաղեմ քո այտերից։
Վառվում է Երևանը
Ամռան կիզիչ հոտով,
Վառվում է և իմ սիրտը
Անհագ սիրո տենչով։
Մեր պարտեզի ծիրաններից
Ահա, քաղել, բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա, ինչպե՞ս
Համբույր քաղեմ քո շրթերից։
Շողում է Երևանը
Աշնան հազար գույնով,
Շողում է և իմ սիրտը
Հասուն սիրո հույզով։
Երեկոյան հովն անուշիկ
Նախշադեղձի բույրն է բերում․
Ոսկեգույն այգիներում
Քեզ հետ քայլում եմ երջանիկ։
Մրսում է Երևանը
Ձմռան սառը շնչից,
Մրսում է և իմ սիրտը,
Լքված սիրո ցավից։
Առանց արցունք սեր չի լինի,
Առանց փուշ վարդ չի հանդիպում,
Ցրտաշունչ այգիներում
Մենակ քայլում եմ վշտալի։
Զարթնում է Երևանը
Էլի գարնան շնչով,
Զարթնում է մարած սերը
Նոր արևի կանչով։
Երբ իմ չքնաղ Երևանի
Գարունն է վառ այգիներում,
Ա՛խ, դե ինչպե՞ս, ասա, ինչպե՞ս
Մեր սրտերում սեր չծաղկի։