փակել փակել

Տաղ սիրո

Խոսք: Նաղաշ Հովնաթան
Երաժշտություն: Նաղաշ Հովնաթան
Ամեն առավոտ կուգաս ծաղկներով,
Երեսդ նման է շամս ու ղամարա.
Ծով աչքերդ լցած անգին քարերով,
Ունքերդ վրա կապած՝ հրեղեն կամար ա։

Լուսին երեսդ ամեն օր կու նորի,
Քեզ տեսնողին խելքն ինչպե՞ս բոլորի,
Քու ծոցն պաղչա՝ նռա՛ն, խնձորի,
Պինդ կու պահես, աջա՞բ, էդ ո՞ւմ համար ա։

Շրթունքդ բարակ է, կարմիր և փայլուն,
Տեսնողն խև կուլի, և սիրտն՝ արյուն,
Երբ որ բարով հասնիմք շնորհազարդ գարուն,
Ես էլ չեմ համբերել, կելնեմ ավարա։

Ճանապարհդ կու նայիմ՝ տեսնեմ ե՞րբ կուգաս,
Ծածուկ ծիծաղելով, ինձ բարև կուտաս,
Ափսո՜ս որ թշնամուն շուտ կու հավատաս.
Ես կուլամ, դու՝ ուրախ նստիր, դա՛մ արա։

Դու չես վախիլ շահեն, սուլթան ու խանեն,
Մեկ խաբար չես ղրկել ի քո՛ բերանեն,
Այ զալում, ի՞նչ կուզես Նաղաշի ջանեն,
Քարասիրտ, բեինսաֆ, մեկ ըռահմ արա։
 
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)