Իմ անգին ծնողնե՛ր, քույրե՛ր, եղբայրնե՛ր,
Բաժանվում եմ այսօր, դուք մնաք բարով,
Հարս եք ճամփում արդեն հարազատին ձեր,
Հարազատն է զատվում, դուք մնա՛ք բարով։
Արդեն բոլորել է իմ օրն ու տարին,
Սիրով համբուրեցե՛ք ինձ ու իմ յարին,
Օրհնեցե՛ք, ցանկացեք մեզ լավն ու բարին,
Աննման ծնողներ, դուք մնա՛ք բարով։
Մայրիկ ջան, քո անուշ կաթով եմ սնվել,
Կաթդ հալալ արա, դու մնա՛ս բարով,
Հայրիկ ջան, քո փայլուն աստղով եմ ծնվել,
Աստղդ թող շողշողա, դու մնա՛ս բարով։
Հայրական տուն, հարազատ տուն, օթևան,
Հեռանում եմ քեզնից, դու մնա՛ս բարով,
Այցի կուգամ հարազատնե՛ր, ընկերնե՛ր,
Մեր լավ հարևաններ, դուք մնաք բարով։
Թիֆիլին հորինեց մեզ համար խաղը,
Ծաղկել են սարերը, ծաղկել է բաղը,
Անշուշտ, մեր նոր տան մեջ կլինեմ վաղը,
Ինձ բարի կամեցեք, դուք մնա՛ք բարով։