Սազը պատվական է, թե լավ տեր ունի,
Եթե տերն էլ նրա վրա սեր ունի,
Մրցողը համոզվի, որ մի խեր ունի,
Թե չէ ձեռքից շուտ կթռչի լավ սազը։
Եթե երգիչը հույս է դնում իր սազին,
Տարիների փորձին, սպիտակ մազերին,
Սիրուհու շարժ ու ձևին կամ նրա նազին,
Կարող է կորցնել գովական սազը։
Ուժեղ մարդ ես, գլուխ ունես, միտքդ բաց,
Բանավեճը ոչ պանիր է, ոչ էլ հաց,
Նախքան հանդես գալդ քո պակասը լաց,
Որ մրցելիս չկորցնես քո սազը։
Լավ չափիր, իմացիր դեմինդ ով է,
Թե հաղթես էլ, թող ուրիշը քեզ գովե,
Մարդու միտքը մի անհատակ մեծ ծով է,
Ծովից չոր դուրս գալու ձևը իմացիր։
Դեռ փոքր ես, ունես դեռ խրատի կարիք,
Մտքով իմաստացիր, միշտ գործիր բարիք,
Ուրիշին վատ չասես, չգործես չարիք,
Ծանր քարի նման տեղդ ամուր կաց։
Թեկուզ Աքիլեսի պես լինես ուժեղ,
Դու ցույց չտաս հսկա ուժդ ամեն տեղ,
Ուժեղին կարող է խոցել մի տգետ,
Մի թույլ, մի ծույլ, մի տխմար, իմացիր։
Զոհրաբն էլ ասում էր մերն է աշխարհը,
Որ Ռոստոմ Զալն է իմ ծնող հայրը,
Պետք է որ թագուհի դառնա իմ մայրը,
Բայց խորհուրդը ճամփին մնաց կիսկատար։
Սիային եմ, հազար ու մի ցավ կրած,
Ունեմ շատ հեքիաթներ, երգեր հորինած,
Սիրելի վարպետիդ լսիր, միտքդ բաց,
Չհավանած քարն աչք է հանել, իմացիր։