փակել փակել

Մուհամմա

Խոսք: Սիայի / Գուսան (Ղազար Կարապետյան)
Երաժշտություն: Սիայի / Գուսան (Ղազար Կարապետյան)
Անծանոթ եղբայրնե՛ր, անծանոթ քույրե՛ր,
Նախ բարևեմ՝ բարով տեսանք մենք իրար,
Աշուղներս ժողովրդին ծառա ենք,
Բարեկամնե՛ր, սիրով հանդիպենք իրար։

Ճանապարհից հոգնած, բեզարած մարդիկ,
Գեղեցիկ խոսք ասենք, փայփայենք իրար,
Այս անցողիկ կարճ ժամերի ընթացքում
Սրտակիցներ դառնանք, ճանաչենք իրար։

Դեռ վաղ մանկուց ես սազ ունեմ իմ ձեռքին,
Մտերիմներ դառնանք, հասկանանք իրար,
Կարզախցի Սիայուն գուցե լսել եք,
Հայ անուններով էլ իմանանք իրար։

Արի ախպե՛ր, ծով դարդերս մի բանա,
Քարին ասեմ, իմ վշտին չի դիմանա,
Սարն էլ լաց կլինի, եթե իմանա,
Մի պահ հանգստանանք, թող երգն էլ մնա։

***

Վշտի վրա նոր ցավ, նոր վիշտ ես դնում,
Գիտեմ, հարազա՛տս, հանգիստ չես քնում,
Հուսանք մեզ էլ նոր առավոտ է բացվում,
Ռուսաստանում ազնիվ մի մարդկություն կա,
Արդարության համար վաղ, թե ուշ կգա։

Բարեկամս, մարդ ամեն ցավ տարել է,
Վշտի ծովն է ընկել, բայց չի դադարել՝
Ափ է դուրս եկել, նպատակը կատարել,
Ինչ ծանր բեռ ասես տարել է մարդը,
Միայն թե չնետվի մահի թակարդը։

Համ էլ վիշտը՝ թեթևացնում է լացով։
Ցավակցողն է օգնում խոսքով կամ հացով,
Միշտ տոկուն կմնա հասած հարվածով,
Ահավոր ցավերին դիմացող մարդը,
Քանի դեռ չի ընկել մահու թակարդը։

Գիտեմ այդ բոլորը դու լավ հասկացար,
Չէ որ կրակների բոցերով անցար,
Այրվեցիր, խանձվեցիր, դիմացար,
Սիայու խրատն էլ հիմա իմացար,
Պիտի ապրի քեզ պես տառապած մարդը։

***

Սիրող սիրտը միշտ չի հասնում փափագին,
Հաճախ թախիծ ու տխրություն է լինում,
Պատահում է խռովում են իրարից,
Ճամփին հազար վտանգ, չարիք է լինում։

Սերը երկու կողմից, եթե չի լինում,
Անժուր է, ակամա, թող ու հեռացիր,
Քան թե վերջում կշռես չարն ու բարին,
Լավ է հենց սկզբից քո լացը լացիր։

Գյուղացին իր հարսը գյուղից է ընտրում,
Աղջկա հորն ու մոր ցեղն է հարցնում,
Գործիմաց սիրունի ձեռքն է խնդրում,
Գործն էլ սիրունության նման իմացեք։

Նախնիներից եկած խրատը բարի,
Վատ չէ, եթե սիրող սիրտը կարարի,
Փորձված թանը մածունից լավ համարիր,
Ճիպոտն էլ քո այգուց կտրել իմացիր։

Շնորհալի Սարգիս, կատարյալ վարպետ,
Մեկ տեղ հասնենք Գյումրի, մեկտեղ դառնանք ետ,
Ձայնդ ղողանջում է ոնց Թափարվան գետ.
Հոր նման հոգատար` դու ինձ իմացիր։
Աղբյուրներ: Ջավախքի երգարան (http://javakhkmusic.com/ )


Թորոս գյուղի պանդոկում տեղի ունեցած մրցույթի (մուհամմա) ժամանակ աշուղ Սիային պատասխանում է երիտասարդ աշուղ Սարգսին։