փակել փակել

Երգ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Տաճկահայի ազատություն,
Հազար ափսոս հիվանդ ծնար,
Հայի վերքին փարատություն
Չբերիր, լավ բժիշկ չեղար։

Խեղճ հայու երկնքի վրա,
Սև ու մռայլ ամպ կխաղա,
Հայաստանում արև չկա,
Նույն է՝ առաջվա պես խավար։

Փչեց ազատության փողը,
Դարձյալ վերքոտ հայի կողը,
Սահմանադրության շողը
Ծագեց միայն Պոլսի համար։

Գավառներում դեռ ոչինչ բան
Չէ փոփոխվել, կա անխափան,
Բռնություն առաջվա նման
Տկարները սարսափահար։

Բեկ ու փաշա հին ստահակ,
Սահմանադրությանը ներհակ,
Արյունարբու գող, ավազակ,
Մեկը մեկից չար ու վատթար։

[ էջ 92 ]

Առայժմ ի՞նչ պետք է, Ջիվան,
Սուր գերանդի հնձող մահվան,
Վատերուն մեկ-մեկ գերեզման,
Լավերուն՝ ազատ գաղափար։

1898
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)