Էն դիզան, պետ-պետ դիզան,
Տեսե՛ք, էն ո՞րն է։
— Էն դիզան, պետ-պետ դիզան՝
Գեղի համբերքն է։
Կաքըվներ կղկղալեն՝
Տեսե՛ք, էն ո՞րն է։
— Կաքըվներ կղկղալեն՝
Էն երիցներն է։
Ճնճուղներ ճլվլալեն՝
Տեսե՛ք, էն ո՞րն է։
— Ճնճուղներ ճլվլալեն՝
Էն տիրացուքն է։
Էն միջի հաստագերան՝
Տեսե՛ք, էն ո՞րն է։
— Էն հաստագերան՝
Թագվորի հերն է։
Էն քուլա բամբակն ի ծակ՝
Տեսե՛ք, էն ո՞րն է։
— Էն քուլա բամբակն ի ծակ՝
Թագվորի մերն է։
Էն արև, երկնուց արև՝
Տեսե՛ք, էն ո՞րն է։
— Էն արև, երկնուց արև՝
Մեր թագվորն է։
Էն լուսին ամպերի տակ՝
Տեսե՛ք, էն ո՞րն է։
— Էն լուսին ամպերի տակ՝
Մեր թագուհին է։
Շունն եկավ պարկն ի բերան՝
Տեսե՛ք, էն ո՞րն է։
— Շունն եկավ պարկն ի բերան՝
Գեղի գզիրն է։