Ի զէն Հայեր, ի սո՛ւր, եւ հրացան,
Տաճկա-Հայաստանից կոչում է մի ձայն,
Լեռնից լեռ թնդում է ահեղ հրաման,
Թռէք հայեր, թռէք դէպի Հայաստան։
Արեւելք եւ արեւմուտք, հարաւ եւ հիւսիս
Դղրդաց ու թնդաց քաղցր աւետիս
Հայկայ քաջ զաւակաց առողջ կուրծքերից
Ազատութիւն հնչեց ամեն կողմերից։
Տաճկա-Հայաստանը ոտքի է կանգնում,
Առիւծաբոց վրէժ, վրէժ է գոռում․
Արիւնով ներկուած են բոլոր դաշտերը։
Արիւնով ներկուած եւ բոլոր գետերը։
Թշնամին զարհուրած փախուստ է դիմած,
Անթիւ աւար ու գանձ Հայերին թողած,
Յաղթութիւն, յաղթութիւն գոչեց միաձայն
Թշնամին յաղթուած է․ Կեցցէ՜ Հայաստան։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)