Իմ ընկերները գնացին բանակ,
Բարի ճանապարհ իմ ընկերներին,
Թող նրանց ճամփին փռվի հաղթանակ,
Հերոսի պսակ՝ իմ ընկերներին։
Կջարդեն նրանք թշնամուն անարգ,
Դավթի կուռը՝ քաջ իմ ընկերներին,
Հայրենի երկրի արեգակը բարկ
Զորավիգ լինի իմ ընկերներին։
Խիզախ ու անվախ կլինեն նրանք,
Չի սարսի ոչինչ իմ ընկերներին,
Ճնշված մարդկության կտան արեգակ,
Այդ կլինի փառք իմ ընկերներին։
Մեր սրտերն ամեն նրանց կրծքի տակ
Ջերմություն կտան իմ ընկերներին,
Կտան նրանց փառք, կտան հաղթանակ,
Բարի ճանապարհ իմ ընկերներին։