Իմ մեջս կյանք կա, իմ մեջս ուժ կա,
Ես կուզեմ ապրիլ, չեմ ուզեր մեռնիլ,
Բժիշկ, թմրության հեղանյութ մի տա,
Ես կուզեմ զարթնիլ, չեմ ուզեր քնիլ:
Զարթնել են մանկունք իմ հասակակից,
Գնացել են դաշտ, սիրուն ծաղկալից.
Մայրիկ, ինձ հանիր բալուլի միջից,
Ես կուզեմ կանգնիլ, չեմ ուզեր պառկիլ։
Ուզում եմ դառնալ օդաչու թռչնիկ,
Բազեի նման սեգ, քաջամարտիկ,
Դու իմ թևերս մի կապիր, մայրիկ,
Ես կուզեմ թռչիլ, չեմ ուզեր ընկնիլ:
Կենսատու բժիշկ, ինձ կենաց դեղ տուր,
Եվ եդեմական անմահական ջուր,
Թող չպղտորին արյունս մաքուր,
Ես կուզեմ հրճվիլ, չեմ ուզեր տխրիլ:
Ով դու, Արամազդ, լեր ինձ կարապետ,
Նեղությանս մեջ վերակացու դետ,
Փորձության դեպքի, ձախորդության հետ
Ես կուզեմ կռվիլ, չեմ ուվեր փախչիլ:
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)