փակել փակել

Ուրախ երգ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Արևն ելավ, փախեք, աստղեր, մի անկյունում թաք կացեք,
Սև-սև ամպեր, հալածվեցեք, ճանապարհից հեռացեք.
Օդը պարզ է, մոլորակներ, հորիզոնում ամպ չըկա,
Արեգակի չորս բոլորը պար բռնեցեք, խաղացեք։

Ցնծա, տխուր իմ հայրենիք, ցուրտ ձմեռը անցկացավ,
Զվարճալի խնդում բերող նոր գարունը մոտեցավ.
Հայ աղջիկներ, ձեր տխրության ժամանակը լրացավ.
Սրտով սիրած փեսաներով ուրախացեք, խնդացեք։

Արդարության արեգակը եկավ, բերեց նոր զատիկ,
Ճնշված ընկած տխուր ազգեր, ահա նոր լուր, ավետիք,
Տոն է այսօր ձեզի համար, սոխակ, թութակ, արտուտիկ,
Մայիսն եկավ, վարդը բացվեց, երգեցեք, ճառ կարդացեք:

1902
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)